Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Փետրվարի 12-ը Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է։ «Ան Հրանտ» տարիների, ամիսների, օրերի ընթացքում ես հաճախ եմ մտածել Հրանտի բազմալեզու ընկերների մասին։ Ոչ միայն «Հայաստանի դասերի» Անդրեյ Բիտովի մասին։ Վերջին օրերին շատ եմ մտածում ԱՔՐԱՄ ԱՅԻՍԼԻԻ մասին, որին հալածում են Ադրբեջանում նաև իր ընկերոջը` Հրանտին, ջերմությամբ հիշելու և գնահատելու համար։ Վայրենիները նրան զրկել են ժողովրդական գրողի կոչումից... Ի՜նչ ասես։ Դեռ հեռու է, դեռ հեռու է, դեռ հեռու է մինչև մարդը իր ճամփան... Ի՜նչ ասես մի ամբոխի, որը չի ճանաչում հենց իրեն։ Հոշոտելով ո՞ւր պիտի հասնի։ Աքրամ, Հրանտի ձեռքը որպես իմ ձեռք, մեկնում եմ քեզ։ Պինդ կաց... Հեշտ չէ լուսավորիչների ճանապարհը։ Դժվար է գրողի, ճշմարիտ գրողի ճամփան։ Պի՛նդ կաց։
Ոչ միայն երազում, ավելի հաճախ` արթմնի, ոչ թե լսում, այլ ճամփա ընկած գալիս է Հրանտի ձայնը` միշտ աշնան խշխշան գույների մեջ։ Գալիս է իր սիրած Տանձուտի կողմից։ Հետը ձայներ է բերում` հորս ձայնը, մորս ձայնը, Հովհաննես Թումանյանի ձայնը, մեր պապերի ձայնը, Չարենցի ձայնը, մեր սարերի ձայնը։ Վիլյամ Սարոյանի` տուն ու երկիր որոնող ձայնը... Հազար ձայն, նաև` անձայն ձայներ, Հրանտի մասին խոսքեր են ասել։ Խոսքը սիրո խոստովանության նման ծաղկել ու բուրել է։ Հարցազրույցների տեղատարափ է եղել։ 1990-ի ամռանն է Անահիտ Ադամյանն իր լեզու-բերանից խոսք կտրել եկողների համար. «Աշխարհի հազարամյա երկնքի տակ այս մարդը դատապարտված է լինելու իր ցեղի հանճարը, որովհետև առանց նրա ցեղը կկորցնի իր ճանապարհը, իր հոտը, իր գույնը, իր հիշողությունը, իր սահմանների մեջ չտեղավորվող իր պատմությունը, իր պարտությունները, ստորությունները, հաղթելու իր մոլեգնությունը, կռվելու իր կիրքը, սիրելու իր սերը... Այդ մարդն այսօր Հրանտ Մաթևոսյանն է, մարդ, որ անվանում է ժամանակը»։ Հրանտի ձայնի դիմանկարը, ինչքան էլ միտք եմ անում, մի հասցե ունի` հայիմացություն, հայտեսուճանաչություն։ Եվ քեզ ճանաչելու համար ոչ միայն պիտի ճանաչես քո նախնիներին, քո տան մեծ ու փոքրին, այլև քո ծննդավայրի առավոտվա արևը, կեսօրվա արևը, իրիկնարևը։ Ձայները, բնության ու մարդկանց ձայները պիտի ճանաչես։ ՈՒ պիտի լսես քո ցեղի պապի, քո մեծ նահապետի, մարգարեի, իմաստունի` մեծն Թումանյանի խոսքը։ Նա ե՞րբ էր խոսում իր ժողովրդի հետ։ Իսկ եղե՞լ է մի դեպք, որ նա չխոսի իր ժողովրդի հետ։ Կամ եղե՞լ է, որ հանկարծ մի պահ ուշացնի իր խոսքը։ Հե՞շտ է թուրքի հետ լեզու գտնելը։ Թուրքը արյուն է թափում։ Արյան ծարա՞վ։ Սրի դեմ` սո՞ւր։ Սևքարեցի Սաքոյի հետ ո՞վ մտավ Ղազախի թուրքերի մեջ, ո՞վ ասաց թուրքին` մենք էլ կարող ենք օրորոց արնոտել։ Ո՞վ ասաց` էսքան սպիտակ ձիավորով եկել ենք, հինգ հարյուր ձիավոր էլ սարերի թիկունքում ենք, եկեք մտածենք։ Հովհաննես Թումանյանն արնախում թուրքին` Ղազախի թուրքին, մտածել տվեց։ Եվ թուրքը մի բան լավ հասկացավ` եթե Թադևոսի տղան է ասում, ուրեմն հոր նման է մտածում, նաև մեր օգուտի մասին է մտածում։ Արյունից ի՞նչ օգուտ։ Եվ Թումանյանը պիտի խոսքի բերեր և՛ վրացուն, և՛ ռուսին, և՛ լիքը թշնամիների, և էն թուրքերին, որ հասել էին Լոռու ձորը ու էս ա հա, մտնում են, տակռապոկ անեն ժողովրդին։ Եվ Թումանյանը դիմեց իր ժողովրդին` քաջ լոռեցիներին, ինքն էլ մի քաջ լոռեցի դարձած։ Զուր տեղը չէ, որ Լոռու քաջերի համբավը տարածվել է, հասել մինչև Դաղստան։ Էրզրումի լեռները խոնարհվել են թուրքի առաջ, Լոռվա լեռները պիտի չխոնարհվեն։ Դե, ձեզ տեսնեմ, քաջ լոռեցիներ...
Մեր մեծ մարգարեի` Թումանյանի ձայնն է լսվում նաև այսօր։
Ճանաչել ոչ միայն քո նախնիներին, քո ցեղակիցներին, քո հանդ ու չոլերի, սարերի աղբյուրները, այլև օրվա բոլոր ձայները, ճանաչել էն ճանապարհները, որ ջուր ու ցամաքով, երկնքով ու երազանքով քեզ տանում են մոտ ու հեռու երկրներ։ ՈՒ որտեղ վատ բան է պատահում, ուզում ես հիշել, թե ում ունես էնտեղ։ Վերջին երկու տարում ավելի շատ Սիրիա ենք հիշում։ Տագնապներ կան` նույն օյինները խաղալու են Լիբանանի գլխին, Իրանի գլխին։ Հայաստանն էլ գլուխ ունի։ Տեր Աստված։ Մեզ համար որբ-որբ, գաղթական-գաղթական, թափառական-թափառական ապրում ենք, էլի, ի՞նչ գործ ունենք։ Ջրհեղեղից սկսած ամեն ինչ էլ տեսել ենք` էլ պատերազմ, էլ երկրաշարժ։ ՈՒ հանկարծ` Բաքվում էլ են լինում դեպքեր, որ տխրեցնում են քեզ։ Ավելի անկեղծ լինեմ։ Ես հպարտ եմ, որ Անկախ ենք (թեև ոչ մի դարում էսքան կախյալ չենք եղել)։ Մեր անկախության մանկությունն էլ էսպես է անցնում։ Իշխանավորները զբաղված են ավանդական թշնամական ալան-թալանով, հայրենասերներին հալածելով, և երկիրը, ղարաբաղյան պատերազմում հաղթած ժողովուրդը լքում է իր տուն ու տեղը։ Ճանապարհները, սարերը, ավելի շատ` սահմանապահ գյուղերը օր առ օր դատարկվում են։ Երկրաշարժված ժողովուրդը կարողացավ հաղթել։ Ամեն ինչ թողած, ես շատ եմ մտածում ոչ միայն անտուն-անտեղ ժողովրդի մասին, այլև, հաճախ ավելի շատ, էսօրվա մեր նախագահի մասին։ Թող որ հակառակորդը ուժեղ լինի, մինչև ատամները զինված լինի, բայց... սուտասան չլինի։ Ի՞նչ ասես էն ստորներին, որոնք ոչ միայն Մոսկվայում, իրենց Մոսկվայում, այլև աշխարհի ցանկացած երկրում գրքեր են հրատարակում, քարտեզներ են հրատարակում, ուր... Հայաստան չկա, Երևանով, Էջմիածնով, Սևանով, ամեն ինչով իրենցն է` Ադրբեջանինը։ Նման դեպքում ինչ անի և ում ինչ հասկացնի Սերժ Սարգսյանը։ Դժվար, շատ դժվար բան է։ Աշխարհի տարբեր երկրներից, գիշերը ցերեկ արած, գալիս ու գալիս են, իհարկե, իրենց շահի համար։ Մեր իշխանավորներն էլ, ընկած նրանց խելքին, հորթի հրճվանքով մտնում են մի դերի մեջ, որը, եթե օրենքի երկիր լինեինք, նախ նման բան չէր լինի, երկրորդ` եթե լիներ, ապա... Ասել, ասել միայն ճշմարտությունը։ Այո՛, Բաքուն վերջերս նորից ինձ տխրեցրեց։ Նորից քաղեմ Հրանտի խոսքը. «Արվեստը իր էությամբ չի կարող անբարոյական լինել։ Այդ են վկայում, ընդ որում` լավագույնս, մեծ գրողների օրագրերը և նրանց մտերիմների հիշողությունները։ Եթե ինչ-որ բան թղթից դուրս է մնում, ուրեմն սուտ է։ Սուտը նահանջում է, գիրք չի մտնում... Սուտը կարող է բանակներ շարժել, կարող է ժողովուրդների հիմարացնել, կարող է քաղաքական համակարգի հիմք դառնալ, մարմնավորվել իբրև իրականություն և գրողին ներկայանալ իբրև թե Կյանքն է։ Բայց դառնալ գրականությո՞ւն։ Երբեք։ Ինչպես ասել է Հեմինգուեյը, միայն մի վարչակարգ չի կարող լավ գրողներ ունենալ` ֆաշիզմը։ Որովհետև ֆաշիզմը սուտն է, կեղծը, ծնված է մարդասպանից։ ՈՒրեմն և դատապարտված է ամլության։ Արվեստագետը, որը չի ցանկանում ստել, չի կարող ֆաշիզմի իշխանությամբ ապրել»։ Եվ ահա Հրանտն ինձ է հասցնում իր ձայնը հազար ու մի առիթներով։ Ի՞նչ է կատարվում քո երկրում, տարածաշրջանում, աշխարհում։ Եվ ի՞նչ է կատարվում... Բաքվում։ Ո՞Ւմ անունն են տալիս։ Ո՞Ւմ անուններն են հիշում։ Եվ Հրանտը նորից ձայն է բերում։ Քնած չեմ, երազում չեմ, հեռուստացույց եմ նայում, բայց լսում եմ Հրանտի ձայնը։ Եվ Հրանտն իր ձայնի հետ բերում է իր ընկերոջ` ադրբեջանցի ԱՔՐԱՄ ԱՅԻՍԼԻԻ` ագուլիսցի Աքրամի ձայնը։ Աքրամի ձայնը ես չեմ լսել։ Հրանտի ձայնի մեջ է հնչում։ Որտեղի՞ց է գալիս։
1993-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին լույս տեսան «Առերեսում» ամսաթերթի առաջին համարները։ Գլխավոր տնօրեն-խմբագրապետ Տիգրան-Սևան Խաչատրյանի խնդրանքով զրույց էի ունեցել Հրանտ Մաթևոսյանի հետ` «Երկու եղբոր ոչ եղբայրական զրույցի» ներքո տպագրվել էր «Հրանտ Մաթևոսյան. Ղարաբաղ... նշանակում է Հայրենիք, Հայաստան։ Հրաչյա Մաթևոսյան. Տուժողը ժողովուրդն է, Հողն է, Հայրենիքն է» վերնագրով հարցազրույցը։ Հիշենք միայն 1993 թվականը, թիվ, տարի, որ հենց օրն ու ժամն էին հարցեր հուշում, պատասխանների մեջ մոմի ջերմություն ու հավատ էր որոնվում։ Պարզ է` առաջինը հույսներս մեզ վրա պետք է դնենք։ Բայց մտքով թափառում էինք անորոշ հեռուներում ու... օտարների մեջ հարազատներ էինք որոնում։ Լեն օրերի մեր ընկերները մեր նեղ օրվան մեզ ձե՞ռք կմեկնեն։ Հացի նման որոնվող բառեր են ծնվում, օդի նման անհրաժեշտ։ Եվ չէի կարող չհարցնել. «Տարբեր ազգերի, անգամ թուրք, ընկերներ ունեցել ես նաև դու, որոնց եղբոր սրտով ես նայել։ Էս քո, մեր երկրի տեղը նեղ ժամանակ մեկնումեկը երևա՞ց... Երկրաշարժի օրվանից մինչև հիմա երկրաշարժվում ենք։ Մեկնումեկը երևա՞ց, հասա՞վ...»։
-Ընկերներ ունեցել եմ, ունեմ, շարունակելու եմ ունենալ։ Այո, թուրք ընկեր ունեցել եմ, ունեմ, շարունակելու եմ ունենալ։ Չնայած էս մեր տեղը նեղ ժամանակ մի անգամ սահմանի վրա, Ղազախում հանդիպման ժամանակ երևաց Աքրամ Այիսլին` ագուլիսցի։ Աքրամը բավական ջերմ գոյություն է, նույնքան անկախական, ինչքան որ իր ազգին պատկանող յուրաքանչյուր արժանապատիվ մարդ, բայց նաև շա՜տ մտահոգ մեր իսկ ազգային հարաբերությունների նուրբ հյուսվածքի ավերման համար։ Շատ ավելի տագնապած... Մոսկովյան կենտրոնական նրա հրապարակումներից մեկի մեջ հենց էսպես` տղամարդու պես ասել է` այրեցեք իմ բոլոր գրքերը, դրանք չկարողացան կանխել ազգամիջյան հարաբերությունների այս ավերածությունները։ Այրեցեք իմ գրքերը... էդ Աքրամն էր, որն իր գրական ճանապարհի սկզբում ինքն էր ինձ գտել։ Ես չգիտեի, թե ով է, ինքն էր եկել Երևան, իմ տուն, շա՜տ տարիներ առաջ, և երևաց նաև, որ նա ուղղակի համաթուրքական գործունեության կետեր է տեսնում... Հետագայում նաև բարձր պաշտոններ տարավ Ադրբեջանում, գրական իրենց ամսագրի գլխավոր խմբագիրն էր, մի երկու անգամ ինքը հարցաթերթիկ ուղարկեց, և զուտ խելացի կազմված հարցերի միջոցով ես տեսա, որ նա այս իմպերիայի և՛ կործանումն է կանխատեսում, և՛ կործանումից վախենում է, և՛ չի ուզում թուրքի, թուրք մտավորականի իր արժանապատվությունը կորցրած լինել, և՛ միաժամանակ վախենում է իմպերիայի կործանումից։ Ահա՜... Այս ընթացքում, այս ծանր ողբերգությունների ժամանակ չկործանված մարդկանց... Չնայած լուրերով ես ուրիշների անուններն եմ լսել, ուրիշների են հանձնարարել, ասենք թե` հանդիպումների, հրավերների են ինձ կոչել էսինչին, էսինչին, էսինչին... տարբեր անուններ են տվել, բայց ամենագեղեցիկը, ես կարծում եմ, որ դարձյալ Անդրեյ Բիտովը պահեց` մեծ մտավորականը` իր վայրէջքներով, վերելքներով, ռուս մեծ մտավորականն իրեն շատ գեղեցիկ պահեց, ինչպես էն ժամանակ էր պահում, ինչպես որ իր անձնական անկումների պահին նա երբեք շատ չէր անկվում, էսպես էլ հասարակության անկման պահին նա դարձյալ անկվողների, ընկնողների մեջ չեղավ։
...Բիտովի գոյության համար ես անչափ շնորհակալ եմ։
...Եթե ասում եմ` Բիտովի գոյության համար ես անչափ շնորհակալ եմ, ուրեմն նրա մասին ես շատ ասելիքներ ունեմ։ Բայց հիմա ասեմ էն, ինչ դու չես սպասում։ Հայաստանի մեջ հայրենիք էր փնտրում, և դա չգիտեմ ինչ տարօրինակ զգացողություն է. նա իսկական հայրենիք էր փնտրում, ինչպես 20-ական թվականների վերջերին Մանդելշտամն էր Հայաստանում, հայ ժողովրդի մեջ հայրենիք փնտրում։
...Թումանյանի ժամանակ շատերի խոսքն է եղել, բայց մեզ է հասել Թումանյանի խոսքը. եթե անկախությունը պարան է դառնալու` ինձ խեղդի, չեմ ուզում, ախպեր, էդ անկախությունը։ Մեզնից որևէ մեկը Թումանյանի ասածը հիշե՞ց, կամ դրա նման մի բան ասա՞ց։ Որովհետև մակաբույծներ ենք։ Համաշխարհային մտքի մակաբույծներ ենք։
...Անշուշտ, և՛ կուսակցությունները, և՛ առհասարակ բոլոր մտքերը կապվածությունների մեջ են։ Բայց մենք էն աստիճանի մակաբույծներ էինք, որ մեր ցավն ուրիշի բառով ճչացինք, էդ լավ սերունդը չեղանք։ Դրա համար էլ մինչև հիմա կործանվում ենք ու կործանվելու ենք։ Դրա համար բոլորս, հայ գողից, հայ մաֆիոզիից, բոլորից սկսած պարտավոր ենք մտածել էս հայրենիքի մասին։ Դրա համար նրանք պարտավոր են միմյանց առաջ հաշվետու լինել։ Դրա համար, իսկապես, հրապարակայնություն է պետք։ Դրա համար հարկավոր են կտրիճ ժուռնալիստներ... Սա վերջին խոսքս կլինի` եթե բոլորիս առաջ հաշվետու չենք լինելու, չենք առերեսվելու, սա, ստիպված եմ ասում...
-Թուրքը եկել ավերում է սահմաններդ, չոքել է դռանդ, Արցախի բկին է նստել, իսկ դու դեռ հավատո՞ւմ ես իրարու հետ ապրելուն։
-Էսպես է։ Ապրելու մասին պիտի մտածենք։ Վրաստանը, եթե Հայաստանի համար միջանցիկ ճամփա չէ, դրա համար դու էլ քոնը պիտի ունենաս, դու էլ քոնը պիտի ցույց տաս։ Նույնը, ավելին, Ադրբեջանի հանդեպ։ Թույլերն ուտվում են, մնում ճանապարհին։ Մենք պիտի ապրենք, մենք ճամփին մնացող ժողովուրդ չենք։ Ղարաբաղը նույն իմ Հայաստանն է, իմ Ահնիձորն է։ Ղարաբաղ... նշանակում է հայրենիք, Հայաստան։ ...Ղարաբաղը հայ ղարաբաղցունն է։ Ես վերջին մարդն եմ լինելու, եթե ինքս իմ` իմ ղարաբաղցու, իմ Ղարաբաղի շահերի համար չկանգնեմ` տրորելով և էն սքանչելի եղբայրակցության զգացումը, իմ և Ռուստամ Իբրահիմբեկով- գրողի հետ, Աքրամ Այիսլիի հետ, Ռոման Բալայանի, Ռուստամ Իբրահիմբեկովի բարեկամության վրայով, ամբո՜ղջ-ամբողջ էն երեխայի սարսափի վրայով, եթե էս բոլորից էլ կտրվեմ, մեկ է, Ղարաբաղը ես չեմ տալու... Յուրաքանչյուր ադրբեջանցու հոգեբանության մեջ նստած է, որ Ղարաբաղը իր հողը չէ, Ղարաբաղը ղարաբաղցունն է... Աջափնյա Քուռ ես ունեցել, Բորչալու-Ղազախը քոնն է եղել, ամբողջը տվել ես, ամբողջը, դու ասա, ի՞նչ է լինելու... Պատմությունը կթքի էսօրվա յուրաքանչյուրիս վրա` մեծից մինչև փոքր, պաշտոնյայից մինչ հասարակը, բոլորիս ճակատին կթքի, եթե էսօրվա հանրապետության` հայ ժողովրդի էստեղի ամբողջացումը, ամրացումը չկայանա, վաղն արդեն ուշ կլինի, ես գիտեմ, թե ինչեր եմ կորցրել։
Ի՞նչ կաներ Հրանտը, եթե... Եթե ինքը լիներ ու Ռուսաստանում իր Անդրեյին, Թբիլիսիում իր Ռեզոյին, տարբեր երկրներում ապրող իր ընկերներին, Բաքվում իր... Բաքվում իր Աքրամին բզկտում են հենց ադրբեջանցիները։ Նույն ցեղն են, Բուդապեշտում քնած հայ սպա Գուրգեն Մարգարյան կացնահարողների ցեղը... Ի՞նչ ասես։ Սարսափելի է։ Ես պարտավոր եմ սիրել իմ եղբոր բոլոր ընկերներին` հայ կլինի, ռուս կլինի, վրացի կլինի, թե ադրբեջանցի։ Հարյուր տարին կլրանա` միլիոնավոր հայեր են զոհվել, քշվել անապատ, ցրվել աշխարհով մեկ։ Եվ կամաց-կամաց արդարության, ճշմարտության արտը ծլում է, կանաչին է տալիս։ Հալածվում են նաև թուրք գրողները` ճշմարիտ-ճշմարիտ գրքեր գրելու համար։ Թուրքիան սովորում է ճշմարտության այբուբենը։ Օրերս ձեռքս ընկավ մի հազվագյուտ գիրք. Հասմիկ Ստեփանյան. «Հայերի ներդրումն օսմանյան հանրապետությունում»։ 750 մեծադիր էջերով գիրք։ Կարդա ու... զարմացիր։ «Գիրքն Օսմանյան կայսրության դիվանագիտության, պալատական, վարչական, դատական բնագավառում, բանակում, բանկային ու ապահովագրական համակարգում, գիտության, ճարտարապետության, քաղաքաշինության, առևտրի, կերպարվեստի, բժշկության, տնտեսության, մշակույթի, արհեստների, երաժշտության, սպորտի, ամենատարբեր ասպարեզներում արևմտահայության ունեցած մեծ դերի մասին է։ Առանձին ուշադրության առարկա են դարձել ամիրայական խավի գործունեությունն ու նշանակությունը, Օսմանյան կայսրությունում եվրոպական գաղափարների ներթափանցման գործում հայ մտավորականների ունեցած նշանակալի նպաստը։ Տպագրական, հրատարակչական ասպարեզը, հայատառ թուրքերեն գրականությունն անմիջական ազդեցությունն են ունեցել թուրք նոր գրականության և նրա լուսավորիչների, թուրքերեն գրական լեզվի, թատրոնի, դրամատուրգիայի, լրագրողական ոլորտների ձևավորման ու զարգացման վրա»։
Մենք տուն-տեղ ենք ստեղծում, երկիր ենք ստեղծում, շենացնում ու...
Ցանկալի է, որ այս կառույց-գիրքը թարգմանվի նախ թուրքերեն, անգլերեն, ռուսերեն, հենց ադրբեջաներեն։ Մտածենք մեր հետքերի մասին։ Եվ մտածենք շատ արժեքների մասին։ Նաև ճշմարտության զինվոր Աքրամ Այիսլիի մասին։ Ոչ թե Աքրամի, այլ էն մասին, թե վայրենությունը ինչպես է շարունակում տիրակալ մնալ։
Եվ հայերիս մասին մտածենք ու մեր վերջին հողակտորի` մեր հայրենիքի, Հայաստանի մասին։ Հայաստանը նույն Ղարաբաղն է։